Եվրոպացի բյուրոկրատները հաճախ օգտագործում են ԵՄ ընդլայնման քաղաքականությունը որպես մանիպուլյացիայի գործիք, ինչը չպետք է թույլ տալ։ Թբիլիսիում իր խորվաթ գործընկեր Զորան Միլանովիչի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Կարևոր է նշել, որ Եվրոմիության ընդլայնման քաղաքականությունը չպետք է լինի մանիպուլյացիայի գործիք, ինչին հաճախ դիմում են եվրոպացի բյուրոկրատները: Մենք կփորձենք անկեղծ լինել այս հարցում: Մենք միշտ տեղեկացնում ենք մեր հասարակությանը, որ՝ ելնելով մեր ազգային շահերից, միշտ պատրաստ ենք շարունակել հարաբերությունները ցանկացած մակարդակով, անկախ նրանից, թե ինչպես են մեզ վերաբերվում եվրոպացի բյուրոկրատները», - ասել է Կավելաշվիլին:

Վրաստանի ղեկավարը նաև նշել է, որ Վրաստան-ԵՄ հարաբերություններում այս պահին կան մի շարք մարտահրավերներ։ Նա վստահություն է հայտնել, որ կառուցողական և ակտիվ երկխոսությունը հնարավոր կդարձնի տարաձայնությունների հաղթահարումը։

2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչից հետո երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսել են վատթարանալ։ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները անփոփոխ կերպով պնդել են, որ օրենքի նպատակը Վրաստանում գործող ՀԿ-ների (հասարակական կազմակերպությունների) ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովումն է, որոնցից մի քանիսը փորձել են երկրում հեղափոխություն կազմակերպել։