Դաշնակցության «Մահ կամ ազատություն» կարգախոսի խնդիրն այն է, որ նրանք մահը տալիս են ժողովրդին, իսկ ազատությունը պահում են իրենց համար։ Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանի հերթական նիստի ժամանակ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին պաշտոնից զրկելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ դա հաստատվել է փաստերով։ «ժամանակին Դաշնակցությունը մահը տվեց Պողոս Պողոսյանին, ազատությունը պահեց իրեն, էդ Դաշնակցությունը հոկտեմբերի 27-ին մահը տվեց մյուսներին, ազատությունը պահեց իրեն, 2008 թվականի մարտի 1-ին մահը տվեց էն 10 գնդակահարվածներին, ազատությունը պահեց իրեն, որովհետև գնաց և կոալիցիա կազմեց էն ուժերի հետ, որոնք շահառուն էին այն ահաբեկչական ակտերի, որոնք տեղի ունեցան», - նշել է պատգամավորը:
Նա հարցադրում է արել՝ ինչո՞ւ է անհրաժեշտ «Մահ կամ ազատություն» կարգախոսը սուվերեն պետության առկայության պայմաններում։ Նրա խոսքով՝ բռնապետությունից ազատվելու ձգտման դեպքում այդ կարգախոսն ինչ-որ չափով հասկանալի է։ «Բայց երբ դու ունես սուվերեն պետություն, ինչի՞ց ես ուզում ազատվել, ու դեռ շարունակում ես «Ազատություն կամ մահը» համարել քո կարգախոսը», - ընդգծել է խմբակցության ղեկավարը։
Կոնջորյանը փոխաբերական իմաստով համեմատել է Դաշնակցությունը Pentium 1-ի հետ, որը նրանք ցանկանում են ներդնել iPhone 15-ում։





























