Ուիթնի Հյուսթոնի 18-ամյա դուստրը` Բոբի Քրիստինա Բրաունը հոսպիտալացվել է Լոս-Անջելեսում ուժեղ սթրեսի հետեւանքով` կապված մոր մահվան հետ:

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ, Բոբի Քրիստինային հիմա արդեն դուրս են գրել հիվանդանոցից, ինչից հետո նա գնացել է Նյու Ջերսի, որտեղ ապրում է իր տատիկը:

Միաժամանակ հայտնի են դարձել հանրահայտ երգչուհու մահվան մանրամասները. դիահերձման ժամանակ նրա թոքերում ջուր է հայտնաբերվել: Այս փաստը վկայում է, որ երգչուհին խեղդվել է ջրով լի լոգարանում քնած ժամանակ կամ գիտակցությունը կորցնելու հետեւանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ուիթնի Հյուսթոնին փետրվարի 12-ի գիշերը մահացած էին գտել Բեւերլի Հիլսի հյուրանոցներից մեկի չորրորդ հարկի համարում, ուր երգչուհին եկել էր Grammy երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

Ըստ The Los Angeles Times թերթի տվյալների` մահվան նախօրեին Հյուսթոնը մասնակցել է համերգի փորձին, որը պետք է տեղի ունենար Grammy-ի պատվին ընդունելության ժամանակ, սակայն արդեն այդ ժամանակ էլ, ըստ ականատեսների վկայությունների,երգչուհին իրեն տարօրինակ է պահել, եւ փորձը նրան հեշտությամբ չի տրվել:

Այնուհետեւ նա վերադարձել է Beverly Hilton հյուրանոցի իր համարը,  որտեղից էլ 3.43-ին շտապօգնություն եւ ոստիկանություն կանչ է արձանագրվել: Դեպքի վայր ժամանելով` բժիշկները փորձել են Հյուսթոնին օգնություն ցուցաբերել, արհեստական շնչառություն են կատարել, սակայն 3.55-ին ստիպված են եղել արձանագրել երգչուհու մահը: