Ինդոնեզիան մինչև 8 հազար զինծառայող կուղարկի Գազայի հատվածում միջազգային կայունացնող ուժերի կազմում հնարավոր տեղակայման համար։ Այս մասին հայտնում է «Channel News Asia»-ն՝ հղում անելով ինդոնեզական հրամանատարության հայտարարությանը։

Ինչպես ակնկալվում է, մինչև ապրիլ մեկնման պատրաստ կլինի շուրջ հազար զինվորական, իսկ զորախմբի տեղակայման լիարժեք պատրաստվածությունը նախատեսվում է ոչ ուշ, քան հունիսին։ Գրավոր հայտարարության մեջ բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դոննի Պրամոնոն պարզաբանել է, որ «տեղակայման պատրաստվածությունը» չի նշանակում, թե զորքերը Գազա կուղարկվեն նշված ժամկետին, սակայն այդ պահին նրանք կհամապատասխանեն ցանկացած ժամանակ տեղակայվելու պայմաններին։ Հրամանատարությունից հայտնել են նաև, որ մեկնող զինծառայողների վերջնական թիվը «դեռևս քննարկվում է»։ Այն կարող է տատանվել 5 հազարից մինչև 8 հազարի սահմաններում։

Երկրի կառավարությունում միևնույն ժամանակ ընդգծել են, որ ինդոնեզացի զինվորականների ցանկացած տեղակայում Գազայում իրականացվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, այլ ոչ թե մարտական գործողություններ վարելու համար։

Ինչպես հայտնել է Ինդոնեզիայի ԱԳՆ-ն, Գազա ուղարկված ուժերը զբաղվելու են քաղաքացիական բնակչության պաշտպանությամբ, բժշկական և մարդասիրական օգնության ցուցաբերմամբ, ինչպես նաև աջակցելու են անկլավի վերականգնմանը և պաղեստինյան ոստիկանության վերապատրաստմանը։ Ուժի կիրառումը թույլատրվելու է միայն ինքնապաշտպանության նպատակով։ Նախարարությունում շեշտել են, որ ցանկացած տեղակայման համար անհրաժեշտ կլինի նաև Պաղեստինյան վարչակազմի համաձայնությունը։

Միջազգային կայունացման ուժերը ՄԱԿ-ի կողմից արտոնված բազմազգ խաղաղապահ ուժեր են, որոնք հիշատակված են Գազայի խաղաղության ծրագրում։ Անցյալ շաբաթ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ուսամա Համդանը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին հայտարարել է, որ պաղեստինցիները մերժում են Գազայի նկատմամբ օտարերկրյա հոգաբարձության ցանկացած ձև։