Պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուկան դեկտեմբերի վերջի եւ հունվարի սկզբի աժիոտաժային իրավիճակներից աստիճանաբար դուրս է գալիս, ինչի մասին վկայում են այսօր` փետրվարի 13-ին կայացած աճուրդի արդյունքները:
Ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության` տեղաբաշխվել է 26 շաբաթ մարման ժամկետով 500 մլն դրամի պարտատոմս, այն դեպքում, երբ պահանջարկը կազմել է մոտ 2 մլրդ դրամ: Պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 9.5 %, ինչը զգալիորեն զիջում է հունվարի 9-ին գրանցված ռեկորդային 11 % նիշին:
Նշենք սակայն, որ եկամտաբերության այսօր արձանագրված ցուցանիշը դեռեւս հեռու է 2011 թ. կայուն շրջանների մակարդակից: Բավական է ասել, որ 2011 թ. սեպտեմբերին 26 շաբաթյա պարտատոմսերի եկամտաբերությունն իջել է մինչեւ 7.6 %, որից հետո աստիճանաբար բարձրացել է` դեկտեմբերի կեսերին հասնելով 9.7%-ի:
Նշենք, որ հունվարի 31-ի դրությամբ, միայն պետական կարճաժամկետ պարտատոմսերի գծով պետական ներքին պարտքը կազմում է 29.1 մլրդ դրամ (մոտ 76 մլն դոլար), որոնց միջին եկամտաբերությունը 9.28 % է:




























