Խաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ նրանք [ՄԱԿ-ը] կարող են մեզ մի փոքր օգնել։ Աշխարհի մեծագույն առաջնորդները միանում են Խաղաղության խորհրդին, և մենք առանձին դեպքերում կգործենք ՄԱԿ-ի հետ համատեղ»,- ասել է նա լրագրողներին իր ինքնաթիռի բորտում՝ Ֆլորիդայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը չի պարզաբանել, թե հարցերի որ շրջանակում է նախատեսվում երկու կազմակերպությունների համագործակցությունը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները Վաշինգտոնում փետրվարի 19-ին կայանալիք Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու հրավեր չեն ստացել։ Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը նախատեսում է Խաղաղության խորհրդի հետ իր գործունեությունը հիմնականում համակարգել Մերձավոր Արևելքում իր ներկայացուցիչ Ռամիզ Ալակբարովի միջոցով։

Հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում 19 երկրների ներկայացուցիչները ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղ կարգավորման շրջանակում։ Վաշինգտոնում հայտարարել են, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդն ստեղծվել է Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գազան կառավարելու համար, սակայն ենթադրվում է, որ այն կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և կարգավորմամբ։