Ինդոնեզիայում սկսվել է Ումար Պատեկի դատը, որը մեղադրվում է 2002թ. Բալի կղզում ահաբեկչություն կազմակերպելու մեջ:
45-ամյա Պատեկին ընդամենը վեց մեղադրանք է ներկայացված, որոնց թվում ահաբեկչության գործունեության մեղադրանք չկա, քանի որ Ինդոնեզիայում հակաահաբեկչական օրենքն ընդունվել է միայն 2003թ. եւ հետադարձ ուժ չունի: Այնուամենայնիվ, դատախազները մտադիր են հասնել մահապատժի դատապարտելուն: Պատեկը «Ջեմաահ Իսլամիա» ահաբեկչական խմբավորման առանցքային գործիչներից է: Այդ իսկ պատճառով ինդոնեզական իշխանությունները երկար ժամանակ վախենում էին նրան դատել` զգուշանալով նոր ահաբեկչություններից:
Հետաքննության տվյալներով` Ումար Պատեկը եւ 2008թ. Ֆիլիպիններում ոչնչացված նրա գործընկեր Օմար բեն Ուսմանը, մականունը` Դուլմատին, աֆղանական մի շարք մոջահեդներում ականապայթեցման դասընթացներ են անցել: Բալիում նրանք ղեկավարել են 900 կիլոգրամանոց «դժոխային մեքենան», որի պայթյունի արդյունքում 202 մարդ զոհվել, 240-ը վիրավորվել են:
Ահաբեկչությունն իրագործելու մեղադրանքով արդեն երեք ծայրահեղականներ մահվան են դատապարտվել` Ամրոզին, Մուլհասը եւ Իմամ Սամուդրան: Նրանց մահապատիժն ի կատար է ածվել 2008թ. նոյեմբերին:
Բացի այդ, Պատեկը մեղադրվում է 2000թ. Սուրբ Ծննդի նախօրեին Ջակարտայի եկեղեցիներում պայթյուններ կազմակերպելու մեջ: Նրան բանտարկել են 2011թ. հունվարին Պակիստանում եւ հանձնել Ջակարտային, գրում է Lenta.ru-ն:




























