Հունվարին Երեւանի վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների առումով, վարկանիշային առաջին 3 տեղերն, ըստ հերթականության, զբաղեցրել են Ավան, Դավթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին նշվել է այսօր` փետրվարի 13-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում:
Ըստ այդմ, գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Նուբարաշեն, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանները:
«Մրցակցային պայմաններում վարչական շրջանների աշխատակազմերը, ոլորտների պատասխանատուները գործնականում պետք է ավելի հետեւողական ու զգոն լինեն՝ առաջիկա հաշվետվությունների ժամանակ ցուցանիշները բարելավելու համար: Առողջ մրցակցությունը պետք է հանգեցնի նրան, որ բոլոր վարչական շրջանները լինեն առաջին տեղում»,-ընդգծել է քաղաքապետը:
Առավելագույն ցուցանիշներ վարչական շրջանները ապահովել են սեփական եկամուտների հավաքագրման, դիմում բողոքների արձանագրման ու արձագանքման, աղբահանության, սոցիալական եւ սանմաքրման ոլորտներում: Ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել ապօրինի հողօգտագործման դեպքերի հայտնաբերմանն ուղղված արդյունքներում, բարեկարգման ու կանաչապատման եւ ֆինանսական ոլորտներում:
Քաղաքապետը անդրադարձել է նաեւ համատիրությունների խոշորացման գործընթացին, որն ուղղված է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կայացմանը եւ հանձնարարել է գործընթացն ավարտել սահմանված ժամկետում:




























