ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանն ու Չինաստանը Սիրիայի վերաբերյալ կցուցաբերեն նույն` միակ ճշմարիտ դիրքորոշումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի սեւծովյան-կասպյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը: Նրա խոսքով` այս երկու պետությունները չեն նահանջի` չնայած ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ճնշմանը ԱԽ-ում, ինչպես նաեւ ԵՄ-ի ու Արաբական պետությունների լիգայի բարոյաքաղաքական ճնշմանը:

«Ներկայումս ՄԱԿ Անվտանգության խորհրդում պատային իրավիճակ է ստեղծվել, երբ  մշտական անդամներից երեքը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)  պնդում են Սիրիայի նկատմամբ «միլիտարիստական» դիրքորոշումը, իսկ  երկուսը (Ռուսաստանն ու Չինաստանը) հետեւողականորեն պաշտպանում են ազգային պետությունների ինքնիշխանությունը: Ասպարեզում միայն Սիրիան չէ:  Խոսքը ոչ ավել, ոչ պակաս,  միջազգային հարաբերությունների համակարգում  ազգային պետությունների ինստիտուտի վերացման եւ Մեծ Մերձավոր Արեւելքի այլ տարածաշրջաններ «արաբական հեղափոխությունների» հետագա արտահանման մասին է»,-նշեց Պոպովը` ընդգծելով, որ այդ «արտահանումը»  հետագայում կարող է հասնել Հարավային Կովկասի երկրներ, ինչպես նաեւ Ռուսաստան:

Փորձագետը կարծում է, որ ՄԱԿ ԱԽ-ում միջազգային հիմնական նորմերը խախտող բանաձեւի անցկացումը չի հաջողվի: