Արեւմուտքի առանձին երկրների կոալիցիայի  եւ Արաբական պետությունների լիգայի` Սիրիա ռազմական ներխուժումը կանխելու Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի սեւծովյան-կասպյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը` ավելացնելով, որ դրանք բացառապես դիվանագիտական հարթությունում են:

Փորձագետի կարծիքով` Արեւմուտքի ծրագրերում Սիրիան կենտրոնական տեղ է զբաղեցնում Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Զրուցակիցը նշեց, որ ընդդիմության եւ արաբական երկրներից վարձկանների հետ դիմակայությունում լեգիտիմ իշխանության հաղթանակն անհարմար վիճակի մեջ կդնի Արեւմուտքին  եւ կխախտի մերձավորարեւելյան տարածաշրջանի վերաձեւափոխման ծրագրերը:

«Առաջին հերթին դա վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Գաղտնիք չեմ բացի, եթե հիշեցնեմ, որ Սիրիան կենտրոնական տեղ է զբաղեցնում Իրանին մերձակա տարածքներում անվտանգության ապահովման առումով: Մյուս նման ֆորպոստը  Պակիստանն է: Հավանաբար,  պատահական չէ, որ մենք ականատեսն ենք լինում Պակիստանյան պետականության` մինչեւ վերջերս  Միջին Արեւելքում ԱՄՆ գլխավոր դաշնակցի փաստացի ապամոնտաժմանը»,-եզրափակեց Պոպովը: