ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում իրավիճակը կայունացնելու մասին Արաբական պետությունների լիգայի նոր նախագծին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: Սակայն, նրա խոսքով, դրա իրագործման համար ԱՄՆ-ը դժվարություններ է տեսնում:
«Մենք աջակցում ենք Կահիրեում նիստի ժամանակ ընդունված ԱՊԼ-ի որոշումը: Երկխոսության բազմաթիվ հարցեր կան, թե ինչպես կյանքի կոչել նրանց բոլոր երաշխավորությունները, եւ անկասկած, խաղաղարարական ուժերի առաջարկությունը կպահանջի համաձայնություն եւ փոխզիջում: Մենք չգիտենք` կհաջողվի արդյոք համոզել Սիրիային», — ասել է Քլինթոնը, հիշեցնելով, որ Սիրիան արդեն մերժել է այս նախագիծը:
Խոսելով «Սիրիայի բարեկամների» խմբի առաջին նիստին պատրաստվելու մասին, որը տեղի կունենա փետրվարի 24-ին Թունիսում, ԱՄՆ-ի պետքարտուղարը խմբին կոչ է արել առաջին հերթին զբաղվել սիրիական ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցով, ինչպես նաեւ ստանձնել Դամասկոսում իշխանությունների դեմ պատժամիջոցների խստացման ջանքերի համակարգումը:
«Մենք լսում ենք, թե ինչպես է սիրիական ժողովուրդն օգնություն խնդրում, եւ մենք մտադիր ենք աշխատել բժշկական միջոցներով եւ այլ անհետաձգելի օգնությամբ ապահովել բոլոր նրանց, ովքեր վիրավոր են կամ մահանում են», — նշել է պետքարտուղարը:
Ընդ որում, ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կշարունակեն դիվանագիտական ճնշում գործադրել Ասադի վարչակարգի վրա: Ըստ Քլինթոնի` «Ասադի վարչակարգը եւ նրանք, ովքեր դրան աջակցում են, պետք է գիտակցեն», որ 2 ուղի կա` մեկը տանում է իշխանության ժողովրդավարական փոփոխության, մյուսը` քաոսի եւ բռնության:
«Մենք Սիրիայում քաղաքացիական պատերազմ չենք ուզում», - ամփոփել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախօրեին Եվրամիությունը եւս աջակցել է Սիրիայի հարցով ԱՊԼ-ի նախաձեռնությունը: Փետրվարի 12-ին Կահիրեում տեղի է ունեցել ԱՊԼ-ի արտգործնախարարների արտակարգ նիստը: Եզրափակիչ հայտարարության մեջ ԱՊԼ-ն դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ին` խնդրելով ՄԱԿ-ի խաղաղարարական ուժերի եւ արաբական երկրների հետ համատեղ բանաձեւ ընդունել Սիրիայում զինադադարը վերահսկելու համար:




























