Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Նավի Փիլայը կարծում է, որ Սիրիայի իշխանությունները հակակառավարական ցույցերը ճնշելիս կարող էին մարդկության դեմ հանցանք գործել:
Նրա խոսքով` այդ մասին են վկայում սիրիական կառավարության գործած չարաշահումների ծավալներն ու բնույթը, այդ թվում` խաղաղ բնակչության նկատմամբ բանակի եւ երկրի անվտանգության ուժերի մեծաթիվ հարվածները, ինչպես նաեւ բնակելի տների, հիվանդանոցների, դպրոցների եւ քաղաքացիական այլ ենթակառույցների զանգվածային ավերումները:
Ավելի վաղ փետրվարի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի ընթացքում Փիլայը պատմել էր, որ Սիրիայի անվտանգության ուժերի կողմից 2011թ. ավելի քան 5,4 հազար մարդ է զոհվել, եւ սիրիացի շուրջ 2 հազար զինծառայողներ եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ սպանվել են ապստամբների կողմից: Միաժամանակ հանձնակատարը խոստովանել է, որ այդ թվերի փաստաթղթային ապացույց չկա:
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին` Փիլայը հայտարարել է, որ թեեւ ցույցերը հիմնականում խաղաղ էին, ավելացել է սիրիական ուժերի վրա հակակառավարական գրոհայինների զինված հարձակումների մասին հաղորդումների թիվը:
Միաժամանակ, Սիրիայում Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) դիտորդական առաքելության փաստաթղթերում նշվում է, որ Սիրիայում ընդդիմադիր զինված խմբեր են գործում, որոնք հարձակվում են ոչ միայն զինվորականների, այլեւ քաղաքացիական անձանց եւ պաշտոնյաների վրա, պայթեցնում են գնացքներն ու ավտոբուսները, խողովակաշարերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























