Բրազիլիայում սպանել են լրագրող Պաուլու Ռոդրիգեսին, որը կոռուպցիայի դեմ պայքարի քարոզարշավ էր վարում:

Բրազիլական ոստիկանության հաղորդմամբ` նա սպանվել է անհայտ անձանց խմբի կողմից Մատո Գրոսո նահանգի Պոնտա Պորա քաղաքում`թմրանյութերի առեւտրի եւ զենքի մաքսանենգության կենտրոնում:

Մոտոցիկլիստների խումբը շրջապատել է 51-ամյա լրագրողի ավտոմեքենան եւ կրակ բացել: Ստացված վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է: Իշխանության ներկայացուցիչների կարծիքով սպանությունը պատվիրված է եղել:

Մի քանի օր առաջ Ռիո դը Ժանեյրո նահանգում Բարա դու Պիրայ քաղաքի փողոցներից մեկում սպանվել էին լրագրող Մարիու Մարկիս Լոպիսը եւ նրա հարսնացու Մարիա Գիմարայիսը: Լրագրողը համացանցային կայքի խմբագիր էր, որում մերկացնող նյութեր էին հրապարակվում կոռումպացված դատավորների, ոստիկանների եւ քաղաքական գործիչների մասին, հաղորդում է «Ռոսբալտը»: