Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շուրջ 600 միլիոն մարդ ապրում է ետնախորշերում, միևնույն ժամանակ քաղաքաբնակների երկու երրորդը զբաղված է ցածր վարձատրվող աշխատանքով։ Այս մասին Բանգկոկում մեկնարկած Կայուն զարգացման ասիա-խաղաղօվկիանոսյան 13-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՈ) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսջաբանան:
«Այժմ քաղաքներին բաժին է ընկնում տարածաշրջանի արտադրանքի ծավալի գրեթե չորս հինգերորդը։ Դրանցում մոտ 600 միլիոն մարդ ապրում է ետնախորշերում։ Հաշվի առնելով, որ քաղաքային աշխատողների երկու երրորդը զբաղված է ցածր վարձատրվող աշխատանքով՝ նրանց եկամուտներն ու զբաղվածության երաշխիքները կարող են բարելավվել միայն կրթության և սոցիալական պաշտպանության հասանելիության ընդլայնման միջոցով», - նշել է նա։
Խոսելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացի մասին՝ ԷՍԿԱՏՈ-ի գործադիր քարտուղարը նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում տարածաշրջանում բարձրացել է խմելու ջրի և սանիտարական պայմանների հասանելիությունը, սակայն սանիտարահիգիենիկ ծառայությունների հասանելիությունը մնում է անհամաչափ։ «Քանի որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այժմ կենտրոնացված են ինչպես տեխնոլոգիաները, այնպես էլ ֆինանսները, հենց տարածաշրջանի ձեռքում են կայուն զարգացման իրականացման միջոցները։ Մենք պետք է միասին վերաիմաստավորենք, թե ինչ լուծումներ կարող է առաջարկել տարածաշրջանային համագործակցությունն արագ փոփոխվող աշխարհի պայմաններում։ Եվ վերջապես, երաշխավորենք, որ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում գործընկերությունը կոնկրետ ազդեցություն ունենա տեղերում, ինչպես նաև անհրաժեշտ է ամրապնդել իրականացման և մոնիթորինգի գծով ազգային ու տեղական ինստիտուտների ներքին կարողություններն ու կառավարումը։ Սա պահանջում է գերատեսչությունների միջև առավել մեծ համակարգում, ավելի մեծ հարկաբյուջետային ապակենտրոնացում և տեխնիկական փորձաքննության ընդլայնում», - հավելել է նա։
2015 թվականին ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունել են մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի «Կայուն զարգացման օրակարգը»։ Այն ներառում է մի շարք նպատակներ՝ ուղղված աղքատության վերացմանը, մոլորակի ռեսուրսների պահպանմանը և բոլորի համար բարեկեցության ապահովմանը։ ԷՍԿԱՏՈ-ն ավելի վաղ իր զեկույցում տեղեկացրել էր, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը չի կարողանա մինչև 2030 թվականը հասնել կայուն զարգացման ոլորտի խնդիրների 88%-ի կատարմանը։





























