Մոսկվայում տեղի բնակչուհուն սպանելու եւ թալանելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների իր աղբյուրը:

«Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 36-ամյա քաղաքացուն, ով ոչ մի տեղ չի աշխատում: Նա կասկածվում է Մոսկվայի մի բնակչուհու սպանության եւ նրա բնակարանից փողով լի չհրկիզվող պահարանի ու զարդեղենի գողության մեջ»,-ասել է աղբյուրը:

«Ձերբակալվածի մոտից առգրավվել է գողացված զարդերի մի մասը: Պարզվել է, որ տղամարդը միայնակ չի գործել, հիմա փնտրում ենք նրա հանցակցին: Հարուցվել է քրեական գործ` «սպանության» հոդվածի հատկանիշներով»,-հավելել է նա:

Աղբյուրի ներկայացմամբ, 48-ամյա մոսկվացի կնոջ սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 13-ին: Նախնական տվյալներով, կնոջը խեղդել են բարձով: