Հայաստանի թվով 11 ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող 13 հասարակական կազմակերպություններ պետական բյուջեից ֆինանսական աջակցություն կստանան 10 մլն դրամի չափով: ՀՀ կառավարության աշխատակազմի առաջարկությամբ` գումարը հավասարաչափ կբաշխվի ազգային փոքրամասնությունների միջեւ` յուրաքանչյուրին 818 հազ. դրամ: Հարցը ներառվել է կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում:

Եզդիական ու ասորական համայնքներից աջակցություն կստանան 2-ական կազմակերպություն (ասորիների մոտ դա «Աթուռ» եւ «Աշուր» հ/կ-ներն են, իսկ եզդիների մոտ` Եզդիների ազգային միությունը եւ Եզդիների ազգային կոմիտեն): Այդ պատճառով այդ համայնքներում գումարը բաժանվել է 2 մասի` 409 հազարական դրամ:

Բացի այդ` 1 մլն դրամ կհատկացվի ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդին` «Ուկրաինա» Հայաստանի ուկրանիացիների ֆեդերացիա» հ/կ-ին:

Աջակցություն ստացող մյուս հ/կ-ներն են. «Երեւանի բելառուսների համայնք «Բելառուս», «Տեվտոնիա» (գերմանացիներ), «Պոլոնիա» (լեհեր), «Հունական հասարակական կազմակերպությունների միություն», «Հայաստանի հրեական համայնք», «ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության եւ աջակցության հիմնադրամ», «Վրացական «Իվերիա» համայնք», «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ»:

Նշենք, որ նախորդ տարիներին նույնպես ազգային փոքրամասնություններին հատկացվել էր 10 մլն դրամ:

Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) Հայաստանի վերաբերյալ 2011 թ. զեկույցում դրական է գնահատել ազգային փոքրամասնություններին լեզվի եւ մշակույթի պահպանման հարցում պետական աջակցության ցուցաբերումը: