Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին «ապերախտ մարդ» է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։
Նրան հարց է ուղղվել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունման մասին, որին կողմ են քվեարկել 107 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը։ 51 երկիր ձեռնպահ է մնացել քվեարկությունից, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը և Հունգարիան։
«Որտե՞ղ էր Մեծ Բրիտանիան, երբ Զելենսկին պատժամիջոցներ էր սահմանում Վրաստանի կառավարության ներկայացուցիչների դեմ։ Ընդհանուր առմամբ, նա ապերախտ մարդ է, ես առաջինը չեմ, որ դա ասում եմ։ ԱՄՆ նախագահը նրան խնդրել էր գոնե մի փոքր երախտագիտություն հայտնել։ Զելենսկին երախտագիտություն չի ցուցաբերում ո՛չ Ամերիկայի, ո՛չ Վրաստանի նկատմամբ։ Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին։
Եվս մեկ անգամ հիշեցնեմ ձեզ Զելենսկու ամոթալի հայտարարությունները. նա հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին միայն այն պատճառով, որ մենք վրացիներին չուղարկեցինք կռվելու և կործանման։ Թող շնորհակալ լինեն, բայց ընդհանուր առմամբ՝ մեզ նրանց երախտագիտությունն այնքան էլ պետք չէ։ Այս ամենը մենք անում ենք ուկրաինացի ժողովրդի համար, իսկ հենց Զելենսկու վերաբերյալ վերջնական դատավճիռը կկայացնի ուկրաինացի ժողովուրդը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։





























