Մի շարք բնապահպանական նախաձեռնություններ, կազմակերպություններ, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներ այսօր` փետրվարի 14-ին, ժամը 13.00-14.00-ը, Մաշտոցի այգուց երթով շարժվել են դեպի նախագահի նստավայր` Սերժ Սարգսյանին հանձնելու փետրվարի 6-ին Ազգային ժողովում ընդունված «Շրջակա միջավայրի ազդեցության` փորձաքննության» մասին օրինագիծը չստորագրելու եւ կրկին հետ վերադարձնելու մասին պահանջը (ֆոտոռեպորտաժ):
Ակտիվիստների կարծիքով` նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին, ինչպես նաեւ` Հայաստանի կառավարությանն ուղղված` Օրհուսի կոմիտեի պահանջներին: Բնապահպանները հայտարարել են, որ իրենց պահանջները չկատարելու պարագայում կհանգեն այն հետեւության, որ «Հայաստանի բնության ոչնչացումը համակարգվում է ուղղակիորեն` ՀՀ նախագահի նստվայարից» եւ ձեռք կառնեն այդ հետեւությունից բխող համարժեք միջոցառումներ:
Նրանք նաեւ պնդում են, որ տվյալ օրինագիծը թույլատրելու է կատարել անսահամանափակ քանակությամբ անտառահատումներ` առանց հասարակական լսումների եւ փորձաքննության անցկացման, ինչը նշանակում է, որ առանց մասնագիտական եզրակացության, առանց փորձաքննության, առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու` կարող են անսահմանափակ քանակությամբ անտառ հատել:




























