Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանում ապրանքների պակաս չի լինի։ Այս մասին մարտի 5-ին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հավաստիացմամբ՝ Հայաստանի իշխանությունները ժամանակին հոգացել են իրավիճակի սրման հետ կապված ռիսկերի մեղմման և նվազեցման մասին։ Բանն այն է, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ։

«Թող տպավորություն չստեղծվի, թե ՀՀ կառավարությունն անհոգ է, ո՛չ, երբ բոլոր մնացածն անհոգ էին՝ ՀՀ կառավարությունն իր գործողություններ անում էր ու որոշումները կայացնում էր», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ երկիրն ունի ինստիտուտներ՝ որոնք գործում են։ Նա կարծում է, որ խնդիրները չպետք է լուծվեն շտապողական և կարճաժամկետ միջոցներով։