Երեւանի քույր քաղաք Քեմբրիջի ասոցիացիան (CYSCA) տնօրենների խորհրդի նիստերից մեկում միաձայն ընդունել է Երեւանի Շենգավիթի պատմահնագիտական թանգարան-արգելոցը պահպանելու եւ նորացնելու մասին ծրագիրը: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Շենգավիթի արգելոցը ընդգրկում մ.թ. ա. 4-րդ հազարամյակի հնագիտական պեղումների տարածքը, որը բնակեցված է եղել 1000-2000 տարի: Հնագետները տարբեր կարծիքներ ունեն գոյատեւման շարունակականության մասին: Արգելոցի մոտ հնագիտական պեղածոների ոչ մեծ թանգարան կա, որտեղ որոշ գտածոներ են ցուցադրված: Շենգավիթյան այլ գտածոներ ցուցադրվում են Հայաստանի այլ թանգարաններում: Շենգավիթ բնակավայրը այսպես կոչված Կուր-Արաքսյան մշակույթի մասն է կազմել, որն առեւտրային կապեր է ունեցել Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մշակույթների հետ: Այդ մշակույթը, ինչպես ենթադրում են, կարեւոր դեր է ունեցել հայ ժողովրդի կազմավորման գործում:
Շենգավիթում առաջին անգամ պեղումներ կատարվել են 1936թ.` Հովսեփ Օրբելու(1887–1961) եւ Եվգենի Բայբուրդյանի (1898–1938) կողմից: Օրբելին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրենն էր: Բոլորովին վերջերս` 2011թ., հայ եւ ամերիկացի հնագետների խումբը, Փենսիլվանիա նահանգի Մարդաբանության եւ հնագիտության Ուիդեներ համալսարանի պրոֆեսոր Միտչել Ռոթմանի գլխավորությամբ, ուսումնասիրեց տեղանքը:




























