ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Սիրիայից արաբական եւ եվրոպական դեսպաններին հետ կանչելը համարում է լայնածավալ հակամարտության նախապատրաստում:
НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել է, որ «առայժմ դա, հնարավոր է, խնդրի լուծման դիվանագիտական տարբերակից հրաժարվելը չէ, այլ այն բանի նշան, որ, միգուցե, իրոք խոսքը գնում է այն մասին, որ նրանք ավելի լայնածավալ հակամարտության են պատրաստվում»: Նա դրա հետ է կապել նաեւ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Սիրիայում բրիտանական եւ քաթարական հատուկ ջոկատներ են հայտնվել:
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Արեւմուտքի գործողությունները, որոնք ուղղված են Սիրիայում, այնուհետեւ Իրանում, Լիբանանում իրավիճակի ապակայունացմանը, ինչպես նաեւ Լիբիայի քայքայումը կհանգեցնեն հենց եվրագոտու իրավիճակի ապակայունացմանը:
Չուրկինը չի կարծում, որ սիրիական հարցի վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները կարող են հանգեցնել սառը պատերազմի վիճակի, բայց սիրիական հարցի տարաձայնությունների հողի վրա հակասության վտանգն առկա է:
«Եթե նման բան տեղի ունենա, ես իմ անձնական կարծիքն եմ արտահայտում, ապա մեղքը, իհարկե, մեր արեւմտյան գործընկերներինը կլինի, որովհետեւ նրանք են սրում իրավիճակը», - ընդգծել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























