Մաշտոցի պուրակի «բուծիկավորման» դեմ պայքարող քաղաքացիներն արդյունավետ չեն համարում իրենց երեկվա հանդիպումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Այս մասին նշված է «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

«Մոտ երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են միայն առանձին, հատույթային լուծումներ, սակայն ամբողջական խնդրի իրավական, բնապահպանական եւ քաղաքաշինական կողմին, ցավոք, բավարար անդրադարձ չի կատարվել: Հանդիպման մասնակից բնապահպան-ակտիվիստ Եղյա Ներսիսյանը նշում է, որ քաղաքապետը առաջարկել է իր հետ չխոսել օրենքից, այլ օրենքից խոսելու համար դիմել դատարան: Փոխարենը փորձ է արվել քաղաքացիներին համոզել, թե Մաշտոցի պուրակի կառուցապատման ծրագիրը երկամյա ծրագիր է, իսկ դրանից հետո ունենալու ենք կանաչ Երեւան:

Երկխոսությունը հարցի էությունից շեղելու միտումը հստակ է, սակայն ի հեճուկս այդ ամենի` բնապահպանները համառորեն վերադառնում են հարցի էությանը: «Թող տանեն ուրիշ տեղ դնեն: Ինչո՞ւ այգում» հարցնում է Եղյան` ցույց տալով երկաթբետոնե կրպակները եւ առաջարկում տեղափոխել դրանք այգուն հարակից գետնանցում, Մասիվ կամ էլ Հյուսիսային պողոտայի կենտրոն:

Հանդիպման այլ մասնակիցներ էլ վկայում են, որ պաշտոնյաների կողմից ոչ ճիշտ է ընկալվել քաղաքացիական պահանջատիրության դերն ու նշանակությունը: Եվ սա հավանաբար հենց այն պատճառով, որ քաղաքային իշխանությունները չեն ուզում իրավական դաշտում խոսել քաղաքացու հետ, այլ նրան հրամցնում են գծագրեր, գունազարդված նկարներ, որոնցով փառաբանվում է այս կամ այն նախագծի հմայքը:

Սրանով կարծես հոգեվերլուծության են ենթարկում հանրության ներկայացուցիչներին` նրանց ցույց տալով գույնզգույն գրաֆիկական պատկերներ եւ հարցնելով. «Իսկ դուք ի՞նչ եք տեսնում այստեղ»: Բայց չէ՞ որ հարց է ծագելու, թե, ի վերջո, ո`վ է հիվանդը:

Իսկ եթե ավելի խորքային վերլուծություն կատարենք, ապա ստացվում է, որ քաղաքային իշխանությունները զբաղված են կոսմետիկ լուծումներով եւ PR-ով: Շպարի հաստ շերտ կոպիտ դեմքի վրա եւ քսված ամեն շերտից հետո գովասանքի երանգ պարունակող մի արձանագրություն` («для галочки») պաշտոնական հաղորդագրության տեսքով: Քաղաքացիները հաճախ ստիպված են լինում այդ հաղորդագրությունների կեղծ փայլի ներքո թաքցված իրականությունը վեր հանել առանձին հոդվածերի, մամլո ասուլիսների եւ հրապարակումների միջոցով:

Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր ավելին են պահանջում, քան այդ կոսմետիկ լուծումներն ու PR-ը: Եվ իրավասու են պահանջելու, քանի որ նրանք են այսօր քաղաքացիական գիտակցության իրական կրողները` նրանք, ովքեր այսօրվա սաստիկ ցրտի պայմաններում էլ պաշտպանում են հանրային այգին եւ օրինականությունը, եւ ում չի շփոթեցնում ոչ մի սադրանք, ոչ մի խաբեություն»,-ասված է հայտարարության մեջ: