Մարզիկ Ռասուլ Միրզաեւին առավել լուրջ մեղադրանք է ներկայացվել. նա մեղադրվում է «առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու մեջ, որն անզգուշության պատճառով հանգեցրել է տուժածի մահվանը»: Այս մասին տեղեկացնում է  Ռուսաստանի քննչական հանձնաժողովը: Տվյալ հոդվածով նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Իրավապահ մարմինների տվյալներով` 2011թ. օգոստոսի կեսերին Մոսկվայի կենտրոնում գտնվող «Գարաժ» գիշերային ակումբի մոտ ծագած  հակամարտության ընթացքում  Միրզաեւը հարվածել է 19-ամյա Իվան Աղաֆոնովին, ինչի արդյունքում  նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օր անց մահացել է:

Միրզաեւի պաշտպանությունը պնդել էր վերաորակավորել սպորտսմենի գործողությունները, քանի որ Աղաֆոնովը մահացել է ասֆալտին բախվելուց, այլ ոչ թե Միրզաեւի հարվածից: Արդյունքում ավելի վաղ գործի համար այլ հոդված էին ընդունել` անզգուշորեն մահվան պատճառ դառնալը (դրա առավելագույն պատիժը երկու տարվա ազատազրկումն է), գրում է «ՌԻԱ Նովոստին»: