Ստեփանակերտում կանցկացվի «ԼՂՀ-ի անկախության 20-ամյակ. Իրողությունները եւ հեռանկարները» միջազգային կոնֆերանսը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին: Կոնֆերանսի շրջանակներում փետրվարի 16-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում կբացվի Վահե Գաբրիելյանի լուսանկարչական ցուցահանդեսը, որում կներկայացվեն «Արցախ. Ժողովուրդը եւ երկիրը» ալբոմի աշխատանքները:
Կոնֆերանսը տեղի կունենա փետրվարի 17-18-ին, ԼՂՀ Ազգային ժողովի շենքում: Համաժողովին կմասնակցեն ոչ միայն պատգամավորներ, քաղաքական գործիչներ Լեռնային Ղարաբաղից եւ Հայաստանից, այլեւ փորձագետներ Ռուսաստանից, ԳԴՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Հունաստանից, Հոլանդիայից: Մասնավորապես, սպասվում է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուհտերգանդտի (Գերմանիա), Ռուս-եվրասիական ծրագրի ղեկավար եւ հետազոտող Ջեյմս Նիքսի (Մեծ Բրիտանիա), Հունաստանի օդային ուժերի ակադեմիայի Պաշտպանության ազգային դպրոցի ռազմավարության գծով խորհրդական Նիկոս Լիգերոսի (Հունաստան), Հանրային իրավունքի եւ քաղաքականության միջազգային խմբի գլխավոր խորհրդական Մարիկե դը Հուունի (Հոլանդիա), Ռուսաստանի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովի, Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկիի (Լեհաստան) մասնակցությունը:
Կոնֆերանսին ելույթ կունենան նաեւ հայ հայտնի քաղաքագետներ եւ փորձագետներ Ռիչարդ Կիիրակոսյանը, Սուրեն Զոլյանը, Հայկ Քոթանջյանը, Ալեքսանդր Մանասյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Մասիս Մայիլյանը, Հրաչյա Արզումանյանը եւ ուրիշներ:
Համաժողովը կբացի ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Միջազգային կոնֆերանսի մասնակիցներին կողջունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Միջոցառմանը ներկա կլինի նաեւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը` Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Լիագումար նիստից հետո աշխատանքը կշարունակվի երեք բաժիններում. «ԼՂՀ անկախության իրավական հիմքերը», «ԼՂՀ-ի տեղն եւ դերը միջազգային գործընթացներում», «Ղարաբաղյան հիմնախնդիրը որպես համազգային նշանակության խնդիր»:
Միջազգային կոնֆերանսի կազմակերպիչը ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի տոնակատարությունները կազմակերպող եւ համակարգող ԼՂՀ պետական հանձնաժողովն է` Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնի, Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի մասնակցությամբ, NEWS.am տեղեկատվա-վերլուծական գործակալության հետ համագործակցությամբ:




























