Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը հայտնել է, թե թույլ է տալու հետաքննություն սկսել  Ազգային հետախուզության ծառայության (MIT) ներկա եւ նախկին պետերին ներառյալ 6 աշխատակիցներին հարցաքնության կանչած Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Սեդրեթին Սարըքայայի դեմ։

Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Սեդրեթին Սարըքայան KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն)  գործի շրջանակներում հարցաքննություն էր կանչել MIT-ի ներկայիս պետ Հաքան Ֆիդանին, նախկին պետ Աֆեթ Գյունեշին եւ եւս 4 աշխատակցի։ MIT-ի աշխատակիցները չեն ներկայացել ցուցմունքներ տալու, որից հետո դատախազը նրանց նկատմամբ կալանման միջորդնություն է ներկայացրել, որն էլ բավարարվել է դատարանի կողմից։

Այս իրադարձությունների համատեքստում դատախազ Սարըքայային հեռացրել են պարտականություններից, որից հետո նրա դեմ հետաքննություն է սկսվել։

Նշված թեմայի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել Ստամբուլի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազի տեղակալ Ֆիքրեթ Սեչենը՝ շեշտելով, թե MIT-ի աշխատակիցներն իրենց պարտականություններից դուրս գործողություններ են իրականացրել եւ աջակցել ահաբեկչական կառույցի (PKK-խմբ) գործունեությանը, որից հետո նրանց դեմ սկսվել է հետաքննություն։

Հիշեցնենք, որ MIT-ի ներկա եւ նախկին պետերը հրավիրվել էին դատախազություն KCK-ի գործով հետաքննությունների շրջանակներում եւ պետք է ցուցմունք տան նախորդ տարի կայացած MIT-PKK բանակցությունների վերաբերյալ։