Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` փետրվարի 16-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Եկեղեցիների համատեղ գործողություն» Ալյանսի (ACT Alliance) սոցիալ-հոգեբանական խմբի անդամներին:

Հանդիպմանը խմբի անդամներն ուրախություն են հայտնել խմբի տարեկան ժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար, ապա  Կաթողիկոսին ներկայացրել եռօրյա ժողովի արդյունքները:

Այնուհետեւ Գարեգին Բ-ն գոհունակություն է հայտնել Կլոր սեղան հիմնադրամի եւ Ալյանսի համագործակցության առիթով` ընդգծելով համատեղ իրականացվող բարեգործական ու կարողությունների զարգացման ծրագրերի կարեւորությունը։

Այնուհետեւ նա խմբին է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աշխատանքը, ինչպես նաեւ այդ ոլորտում ձեւավորված համագործակցությունը Քույր Եկեղեցիների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

ԵՀԽ «Եկեղեցիների համատեղ գործողություն» Ալյանսի գործունեությունն ուղղված է աղքատության հաղթահարմանը եւ արտակարգ իրավիճակների աղետալի հետեւանքների վերացմանը ողջ աշխարհում: 2010թ-ին կազմակերպությունն ստեղծեց սոցիալ-հոգեբանական աջակցության խումբ, որի հիմնական գործառույթներն են սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը ծանր հոգեվիճակում հայտնված մարդկանց՝ աղետների դիմակայման ու նրանց իսկ մասնակցությամբ դրանց հետեւանքների վերացման աշխատանքներում։