Պարզվել է, որ փետրվարի 9-ին, կաշառք վերցնելու պահին ձերբակալված  «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանն այդ պահին փորձել է փախչել, որի հետեւանքով ընկել է ու կոտրել ոտքը:

ՀՔԾ-ից Panorama.am-ին հայտնել են, որ այս պահին Նարեկ Հարությունյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում եւ վաղը միայն կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները, փետրվարի 9-ին, կաշառք վերցնելու պահին ձերբակալել են Գորիսի քրեակատարողական հիմնարկի տնօրենի տեղակալ Նարեկ Հարությունյանին:

NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանները նրան բերման են ենթարկել այն պահին, երբ Հարությունյանը դատապարտյալներից մեկի հորից 4 հազար դոլար կաշառք է վերցրել` դատապարտյալին հիվանդանոց տեղափոխելու համար: