Թուրքիայի օդուժի կողմից 2011-ի դեկտեմբերի 28-ին Իրաքի հետ սահմանակից լեռներում կոտորված  34 քուրդ գյուղացիների համար քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ռաջեփ Թայիթ Էրդողանի դեմ: Հայց է ներկայացվել նաեւ մի քանի նախարարների, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի եւ Ազգային հետախուզության ծառայության մի քանի աշխատակիցների դեմ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հասիփ Քափլանը հայցում պահանջել է հիշյալ անձանց պատժել Թուրքիայի քրեական օրենսգրքի 76 եւ 77 կետերի համաձայն՝ «ցեղասպանության եւ մարդկության դեմ իրագործած հանցանքի» համար։  Հայցում նշվել է, որ կոտորված քուրդ գյուղացիների մոտ զենք չի եղել, նրանք անվտանգության ուժերին չեն դիմադրել եւ նրանց ոչ ոք չի արգելել այդ տարածքով անցնել։ «Բացի այդ, այդ տարածքում 1999-ից մինչ այժմ Թուրքիայի զինված ուժերի եւ PKK-ի միջեւ որեւէ բախում տեղի չի ունեցել»,-նշվել է հայցում։

Նշենք, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան Թուրքիայի օդուժերին պատկանող F-16 կործանիչները ռմբակոծել են Իրաքից Թուրքիա մաքսանենգ ապրանք ներկրող մի խմբի:

Ռմբակոծության հետեւանքով սպանվել է 35 քուրդ գյուղացի: Անկարան նշել է, թե քաղաքացիական անձանց շփոթել են PKK-ի զինյաների հետ եւ հարվածել նրանց: