Մինչեւ 2012 թ. վերջը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ցուցակվելու դեպքում հայկական ընկերությունները կստանան հարկային արտոնություն` 3 տարով շահութահարկը կվճարեն 50 %-ով: Այդ մասին այսօր` փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Նրա խոսքով` դա միակ առավելությունը չի լինելու: Միջինժամկետ կտրվածքով ցուցակված ընկերությունները մեծ հնարավորություններ կստանան օգտվելու կենսաթոշակային բարեփոխումներից, քանի որ կենսաթոշակային ֆոնդերը միջոցները պետք է ներդնեն արժեթղթերում: Իսկ երկարաժամկետ հեռանկարում` բորսայում ցուցակվելը ընկերությանը հնարավորություն կտա դուրս գալ միջազգային շուկաներ:
Նշենք, որ հայկական ընկերությունների բորսայական կապիտալիզացիան 2011 թ. վերջի տվյալներով գնահատվում է 53.8 մլրդ դրամ (մոտ 140 մլն դոլար), ինչը 2.3 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Երեք ընկերությունների բաժնետոմսեր շրջանառվում են բորսայի հիմնական (B) հարթակում (դրանք են` «Արցախ ՀԷԿ», «Արփա-Սեւան», «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ընկերությունները): Ինն ընկերություններ թույլատրված են առեւտրի «սեւ հարթակում»:




























