Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի հանրապետական կուսակցությունը գրավելու է առաջին տեղը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը (ֆոտոռեպորտաժ)։ Նրա կարծիքով՝ երկրորդ տեղը գրավելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը տարիներ շարունակ աշխատանք է տանում, իր շարքերն ավելացնելու, ընտրազանգվածը մեծացնելու ուղղությամբ։ Երրորդը տեղում, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, կզբաղեցնի ՀԱԿ-ը, քանի որ «ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ն ունի ընտրազանգված»։
Չորրորդ տեղում, ՀՀԿ-ական պատգամավորի կանխատեսմամբ, ՕԵԿ-ն է լինելու, որովհետեւ համագործակցում է իշխող կուսակցությունների հետ, ինչը, նրա խոսքով, կարող է հնարավորություն ստեղծի ինչ-որ չափով օգտվելու ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի իմիջից։
Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով, ՀՅԴ-ն որպես հին, փորձված կուսակցություն, մշտապես ունեցել է 5 տոկոսանոց ընտրազանգված եւ այս անգամ էլ կունենա։ Իսկ ահա, «Ժառանգությունը» եթե մենակ գնաց ընտրությունների, ապա, ըստ հանրապետական պատգամավորի, 5 տոկոսանոց արգելքը չի հաղթահարի, իսկ եթե փոքր կուսակցությունների հետ դաշինքով գնա, կարող է հաղթահարել հինգ տոկոսը։
Անդրադառնալով ԲՀԿ-ի պահվածքին, մասնավորապես՝ իշխանության մեջ ընդդիմություն խաղալուն, Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ ԲՀԿ-ն միշտ էլ լինելով կոալիցիայի անդամ, որոշ հարցերում դրսեւորում է առանձին կարծիք, թեեւ «մեխը, որի շուրջը համագործակցում են, մնացել է նույնը»։ ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` քաղաքական դաշտում նկատվող կոշտությունը պայմանավորված է ընտրություններին մոտենալով:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























