Ընդդիմադիր դաշտը մասնատվել եւ քայքայվել է եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քիչ թվով ձայներ կհավաքի: Այս մասին, այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանն անդրադառնալով պնդմանը, թե մեծամասնական ընտրատարածքներում միայն օլիգարխներն ու փողատերերն են ընտրվում, հիշեցրեց մեծամասնականով ընտրված Վիկտոր Դալլաքյանի օրինակը, ով կարողացել է հաղթել իր լուրջ մրցակիցներին ու ընտրվել պատգամավոր:

«Եթե թեկնածուն կոտրվում է, կաշառվում է, վախենում է, ու հազար ու մի բան, այստեղ իշխանությունն ի՞նչ անի: Ընտրությունը ե’ւ արիություն, ե’ւ կազմակերպվածություն, ե’ւ խելք է պահանջում: Իզուր տեղը պետք չէ դոշերը ծեծել եւ ասել, որ ինձ չընտրեցին: Արա’, ի՞նչդ ընտրեն»,- ասաց Մանվել Բադեյանը:

Անդրադառնալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության նախաձեռնությանը, Արման Մելիքյանը նկատեց, որ դեմ է դրան: Նա արձագանքելով «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այն հայտարարությանը, թե եթե գումար ունես, կարող ես պատգամավորության թեկնածու դառնալ ու ընտրվել, ասաց, որ գումարն իր դերը կատարում է բոլոր պարագներում: Ավելին, նա կողմ է, որ ԱԺ-ում պատգամավորները ոչ միայն մեծամասնական ընտրակարգով ընտրվեն, այլեւ կուսակցական պետերի փոխարեն գործարարներ լինեն, ովքեր աշխատատեղեր են ապահովում:

Մանվել Բադեյանն էլ ասաց, որ ընդդիմությունը հեղինակությունների պակաս ունի, դրա համար էլ դեմ է մեծամասնականին, հավելելով, որ խոսքը կրիմինալ հեղինակությունների մասին չէ:

Լրագրողների այն դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադարձով, քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ եղան եւ ցնցումներ տեղի ունեցան, Բադեյանը կարծիք հայտնեց, որ այդ ցնցումներում ավելի շատ դեր են խաղացել սոցիալ-տնտեսական հիմքերը, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Նրա խոսքով, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, նույն սցենարը կարող էր կրկնվել: