Թուրքիան նախատեսում է Բոսֆորի վրայով բեռնատար երկաթուղի կառուցել, հաղորդում է լոգիստիկայի մասին Vgudok ինտերնետ-պորտալը։

Մերձավոր Արևելքում երկարատև անկայունության պայմաններում, որտեղ ավանդական ծովային ճանապարհները պարբերաբար հայտնվում են աշխարհաքաղաքականության նշանառությանտակ, այլընտրանքային ցամաքային միջանցքների հարցը դադարել է տեսական լինել։ Որքանո՞վ է նպատակահարմար 6.75 միլիարդ դոլար ներդնել նոր երկաթուղային զարկերակի մեջ, երբ հարևան տարածաշրջանները բարձր ռիսկի գոտում են։

Այդ հարցի պատասխանը կարելի է տեսնել միջազգային ներդրողների կոնսենսուսում. վեց ֆինանսական հաստատություններ, դրանց թվում՝ Համաշխարհային բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, հաստատել են Ստամբուլում Հյուսիսային օղակաձև երկաթուղու ֆինանսավորման իրենց պատրաստակամությունը։ Թվում է, թե անկայուն ծովային պայմանները հաշվի առնելով՝ Բոսֆորի նեղուցով երկաթուղային տարանցումը, վարկատուների համար ամենաապահով տարբերակն է։

125 կիլոմետրանոց նախագիծն Անկարայի փորձն է մեղմել եվրասիական լոգիստիկայի խցանումը։ Այսօր Բոսֆորի հիմնական երթևեկությունն անցնում է Մարմարայի թունելով, որը գործում է լիարժեք հզորությամբ՝ ուղևորատար գնացքներն առանձնացնելով գիշերային հազագյուտ բեռնատար գնացքներից։ Նոր երկկողմանի գիծը, որը հաշվարկված է 200 կմ/ժ արագության համար, նախատեսվում է տարեկան տեղափոխել 30 միլիոն տոննա բեռ և 33 միլիոն ուղևոր, արդյունավետորեն ստեղծելով լիարժեք բեռնափոխադրման շրջանցիկ ճանապարհ մետրոպոլիսի շուրջ՝ Յավուզ Սուլթան Սելիմի կամրջի միջոցով։

Կարճ հատվածում նախատեսվում է ներառել գրեթե 60 կմ ընդհանուր երկարությամբ 44 թունել և 42 կամուրջ։

Մայրուղին կկապի արևելյան Գեբզեի արդյունաբերական կենտրոնը արևմուտյան Հալկալիի կենտրոնի հետ՝ առաջին անգամ միավորելով Ստամբուլի երկու օդանավակայանները մեկ ցանցի մեջ և ուղիղ մուտք ապահովելով դեպի Բուլղարիա՝ ներկայում կառուցվող Հալկալի-Չերքեզքյոյ գծի միջոցով։

Մրցութային գործընթացները նախատեսվում է շուտով ավարտել, և Անկարան մտադիր է հնարավորինս շուտ առաջ մղել նախագիծը։ Դրա իրականացումը Իրաքի, Սիրիայի և այլ անկայուն շրջանների մոտակայքում ռիսկային է։ Ընդսմին, բիզնես տրամաբանությունը պարզ է. որքան ավելի վտանգավոր է դառնում ծովը, այնքան ավելի արժեքավոր և պահանջված կլինի հուսալի երկաթուղային գծի յուրաքանչյուր մետրը։