Մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն կարող առաջադրել այն ուժերը, որոնք հզոր չեն, կամ ժողովրդի վստահությունը չեն վայելում: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

«Մենք ունենք բազմաթիվ մեկ ժուգուլիանոց կուսակցություններ, կամ էլ ՀՅԴ, որը զառամյալ  հասակ ունի, բայց կներեք ինձ, ժողովրդի վստահությունը չի վայելում»,- ասաց նա։

Օրինակ բերելով «Ժառանգությանը» եւ ՀՅԴ-ին` Ռ. Պետրոսյանը նշեց, որ նրանց շարքերում միայն երեւանցիներ են, մարզերից ներկայացուցիչներ չկան, եւ եթե մեծամասնական ընտրակարգը վերանա, ապա ԱԺ-ն կդառնա երեւանցիների խորհրդարան, ինչը նշանակում է, որ բնակչության մի ստվար հատված ներկայացված չի լինի։

Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է անցում կատարել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Այս խնդրի առնչությամբ խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել, որի նախաձեռնմանը միացել է նաեւ ԲՀԿ-ն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի