Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը չի բողոքարկելու փետրվարի 12-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, քանի որ դա անիմաստ է համարում: Այս մասին, այսօր` փետրվարի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը (ֆոտոռեպորտաժ):
Նա կարծում է, որ եթե նույնիսկ դիմի վարչական դատարան դա իրեն չի օգնի: Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ այդ հարցերին նա կպատասխանի ապրիլի վերջին:
Նա նշեց, որ չի ցանկանում լրագրողների համար շոու սարքել իր բողոքարկումից: «Ո՞ւմ դեմ բողոքեմ, ինչի՞ համար բողոքեմ: Ինձ չէին կարող հաղթել, բայց այս ընտրություններում ինչ-որ մեխանիզմ են կիրառել, որի մասին ես տեղյակ չեմ»,-ասաց նա, հավելելով, որ կնիքները եղել են թանաքոտված, ինչը նշանակում է, որ օգտագործված են եղել: Նրա խոսքով, Հրազդանի ընտրություններում բոլոր պետական կառույցներն աշխատել են իր դեմ:
Սասուն Միքայելյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հրազդանցիներին` ընտրություններին մասնակցելու համար եւ հատուկ շնորհակալություն այն հրազդանցիներին ովքեր քվեարկել են իր օգտին, քանի որ այդ ճնշման պայմաններում նրանք իրենց կամքն են արտահայտել:
Հարցին, թե արդյոք քաղաքավարությունից ելնելով շնորհավորելո՞ւ է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, Ս. Միքայելյանն արձագանքեց. «Ինչի՞ շնորհավորեմ Դանիելյանին: Եթե քաղաքակիրթ ընտրություններ լինեին, ես կշնորհավորեի: Իսկ հիմա կարող եմ ասել, որ մենք Հրազդանի ընտրություններում հաղթել ենք, Արամ Դանիելյանին էլ նշանակել ենք քաղաքապետ»:
Նա միաժամանակ չհերքեց մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ ընտրություններից հետո իր 300 համակիրների հետ միասին հավաքվել եւ քեֆ են կազմակերպել:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























