Հայաստանում առաջիկա ընտրությունների հաջող անցկացումը դրական կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Նման կարծիք է հայտնել ռուս-եվրասիական ծրագրերի ղեկավար եւ հետազոտող Ջեյմս Նիքսը (Chatham House, Մեծ Բրիտանիա)` հանդես գալով ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող Միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակներում:
Նրա խոսքով, Հայաստանի նախորդ ընտրությունները մեծապես վնասել են երկրի հեղինակությանը, իսկ այժմ այն դանդաղ վերականգնվում է: Այդ ենթատեքստում շատ կարեւոր է, որ հաջորդ ընտրությունները անցկացվեն բարձր մակարդակով:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրադրությանը եւ Արեւմուտքի վերաբերմունքին այդ հարցում, փորձագետը կարծիք է հայտնել, որ չնայած երկակի չափանիշներին, ժողովրդավարության զարգացումը կունենա դրական հետեւանքներ: Այն առումով, որ Արեւմուտքը հիմք չի ունենա վկայակոչելու ԼՂՀ-ում ժողովրդավարության բացակայությունը: Փորձագետի խոսքով, անհրաժեշտ է հնարավորինս կրճատել խնդրահարույց հարցերի թիվը:




























