Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը չի ստացել Հատուկ քննչական ծառայության` փետրվարի 9-ին խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու մասին «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի» նախագահ Ռուբեն Թորոսյանի հաղորդումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Նա նշեց, որ ստանալուն պես կուսումնասիրեն այդ հարցը:
Իսկ թե որքանո՞վ է հավանական, որ կպատժեն պատգամավորներին եւ նախադեպ կձեւավորվի, ապա Սամվել Նիկոյանը նշեց, որ այս պահին հարմար չէ այդ հարցերին պատասխանելը եւ խորհուրդ տվեց զնագել աշխատանքային ժամերին:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողով է ուղարկել փետրվարի 9-ին խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու մասին «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի» նախագահ Ռուբեն Թորոսյանի հաղորդումը: Ռուբեն Թորոսյանը փետրվարի 11-ին Հատուկ քննչական ծառայությանը ներկայացրած հաղորդման մեջ գրել էր, թե Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանը եւ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը, կարգապահական որեւէ միջոց չեն ձեռնարկել, ըստ Թորոսյանի, կարգազանց պատգամավորների նկատմամբ:
Ի դեպ, Ռուբեն Թորոսյանը նշել է, որ այսօր եւս մեկ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որտեղ նշված է, թե մամուլի հրապարակումներում հայտնաբերել է եւս չորս պատգամավորի անուն, որոնք նույնպես փետրվարի 9-ին քվեարկել են ուրիշի փոխարեն: Այդ պատգամավորներն են` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ Հարությունյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Միշա Ստեփանյանը: Ռուբեն Թորոսյանը կից ներկայացրել է նաեւ ուրիշի փոխարեն քվեարկությունների տեսագրությունը:



























