«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝  մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության թիմի նկատմամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մրցաշարը տոնի է վերածվել այս խաղի երկրպագուների համար: «Ուրախալի է, որ մրցաշարի մասնակից թիմերի թիվն այս տարի ավելացել է: Սա կնպաստի Հայաստանում առողջ՝ ինտելեկտուալ պայքարին միտված խմբերի ձեւավորմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

ՀՀ պետական գերատեսչությունների 24 թիմերի մասնակցությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղի մրցաշարի երրորդ մրցանակակիր է դարձել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության թիմը՝ երրորդ տեղի մրցավեճում առավելության հասնելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիմի նկատմամբ: