Հայաստանի նպատակն է հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Այդ մասին, փետրվարի 18-ին, Ստեփանակերպում «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողությունները եւ հեռանկարներ» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի փակման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով ռուս քաղաքագետի` Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ առաջարկությանը:

Շարմազանովը նշել է, որ Հայաստանի նպատակն է հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը. «Եթե Հայաստանի միակողմանի ճանաչումը կօգնի այդ գործընթացին, ապա մենք կանենք դա, բայց ամեն ինչ իր ժամանակին կարվի»: 

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում կայացել է «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողությունները եւ հեռանկարներ» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը: Ֆորումի աշխատանքներին մասնակցել են պատգամավորներ եւ քաղաքագետներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԳԴՀ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Հոլանդիայի փորձագիտական միության ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի շրջանակներում հանդես են եկել նաեւ հայ հեղինակավոր քաղաքագետներ եւ փորձագետներ: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը` Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ:

Լիագումար նիստից հետո կոնֆերանսը շարունակվել է երեք բաժիններով. «ԼՂՀ անկախության իրավական հիմքերը», «ԼՂՀ տեղն ու դերը միջազգային գործընթացներում», «Ղարաբաղյան հարցը որպես համազգային խնդիր»:

Միջազգային կոնֆերանսի կազմակերպիչն է ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովը` Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնի եւ Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի մասնակցությամբ: NEWS.am տեղեկատվական գործակալությունը կոնֆերանսի ինֆորմացիոն գործընկերն է: