Ես համոզված եմ, որ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովի նիստում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Վարչապետի խոսքով՝ ինքը նման եզրահանգման է եկել վերջին մեկ ամսվա ընթացքում ժողովրդի հետ ունեցած հանդիպումների արդյունքներով
Փաշինյանն ասել է, որ դժվար է հավատալ, որ ժողովուրդը հազարամյա որոնումներից հետո, այդ նպատակին հասնելուց 5 րոպե առաջ, կտրուկ կշեղվի զարգացման ուղուց և կվերադառնա գոյատևման օրակարգին։ Հավելելով, որ դա պատմականորեն անհնար է։
Կառավարության ղեկավարը հերթական անգամ ընդգծել է, որ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այն միակ քաղաքական ուժն է, որը երաշխավորում է հայ ժողովրդի խաղաղության օրակարգի իրականացումը։
Նրա խոսքով, մնացած բոլոր քաղաքական ուժերը կողմ են խաղաղության վերանայմանը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նոր պատերազմի։





























