Ամերիկայի բանկը (Bank of America) համաձայնել է 72,5 միլիոն դոլար վճարել Ջեֆրի Էպշտեյնի սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգից տուժածներին։ Վերջիններս պնդում են, որ բանկն աջակցել է նրա հանցագործություններին և շահույթ ստացել դրանցից. հայտնում է NBC News-ը։

Անցյալ տարի ներկայացված հայցում նշվում է, որ երկրի երկրորդ խոշորագույն բանկը բանկային ծառայություններ է մատուցել Էպշտեյնին և նրա սեռական թրաֆիքինգի ցանցին, ինչպես նաև տրամադրել է հաշիվներ, որոնցից օգտվել են տուժածներն ու հանցակիցները, այդ թվում՝ Գիսլեյն Մաքսվելը և Apollo Global Management-ի նախկին գլխավոր տնօրեն Լեոն Բլեքը։

Գործը քննող ԱՄՆ շրջանային դատավոր Ջեդ Ռակոֆը ապրիլին լսումներ կանցկացնի՝ որոշելու՝ արդյոք հաստատել հաշտության համաձայնագիրը։ Ընդ որում, գործարքով բանկը պատասխանատվություն չի ստանձնում։

«Թեև մենք հավատարիմ ենք այս գործով նախկինում արված մեր հայտարարություններին, այդ թվում՝ որ Bank of America-ն չի օժանդակել սեռական թրաֆիքինգի հետ կապված հանցագործություններին, այս որոշումը թույլ է տալիս մեզ հետևում թողնել այս գործը և վերջնականապես փակել այն հայցվորների համար»,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է Bank of America-ի ներկայացուցիչը։

Ըստ տուժածների փաստաբանների հայտարարության՝ համաձայնագիրը տարածվում է բոլոր այն կանանց վրա, որոնք 2008 թվականի հունիսի 30-ից մինչև 2019 թվականի հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ենթարկվել են սեռական բռնության կամ թրաֆիքինգի Ջեֆրի Էպշտեյնի կամ նրա հետ կապված որևէ անձի կամ Էպշտեյնի սեռական թրաֆիքինգով զբաղվող որևէ այլ ձեռնարկության գործողությունների հետևանքով։

Տուժածների փաստաբանները պնդում են, որ այդ ժամանակահատվածում Էպշտեյնի զոհն է դարձել առնվազն 60 կին։