Թուրքական Անթալիա հանգստավայրը կարմրանարնջագույն է ներկվել Հյուսիսային Աֆրիկայից եկող հզոր ավազամրրիկի պատճառով, հաղորդել է Antalyahakkinda տեղական պորտալը։

«Հյուսիսային Աֆրիկայից եկող ուժեղ փոշե փոթորիկը ծածկել է տարածաշրջանը եւ փոխել երկնքի գույնը»,- գրել է պորտալը։

Հրապարակման մեջ նշվել է, որ Լիբիայում եւ կից շրջաններում բարձրացած փոշու եւ ավազի խիտ զանգվածները հարավային քամիների միջոցով հասել են Միջերկրական ծով եւ հարավային Թուրքիա։ Մասնավորապես, ամենանկատելի ազդեցությունը նկատվել է Ալանիայում եւ Անթալիայի այլ շրջաններում։

 «Երկինքը անսովոր կարմրանարնջագույն երանգ է ստացել փոշու մասնիկներից արեւի լույսի բեկման փոփոխությունների պատճառով»,- նշել է պորտալը։

Ըստ տեղեկությունների՝ երեւույթն ուղեկցվել է տեսանելիության նվազմամբ եւ օդում փոշու խտության աճով, ինչը մտահոգություն է առաջացրել տեղի բնակիչների եւ զբոսաշրջիկների շրջանում։

Նմանատիպ երեւույթ նախկինում նկատվել է Հունաստանում, որտեղ Կրետե կղզին ծածկվել է փոշու խիտ ամպով, որը երկինքը վառ կարմիր է դարձրել եւ տրանսպորտային խափանումներ է առաջացրել։