Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը ԵՄ քաղաքացիներին կոչ է արել էներգետիկ ճգնաժամի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում կրճատել ավտոմեքենայով երթևեկելը։
«Որքան շատ քայլեր անենք նավթը, մասնավորապես՝ դիզելային վառելիքը և ավիացիոն վառելիքը խնայելու համար, այնքան լավ մեզ համար»,- ասել է նա։
Նա նշել է, որ իրավիճակը դեռևս «շատ լուրջ» է, և ԵՄ երկրները պետք է հետևեն Միջազգային էներգետիկ գործակալության առաջարկություններին, գրում է Bild-ը։
Առաջարկվող միջոցառումները ներառում են մայրուղիներում արագության սահմանափակումը 10 կմ/ժ-ով կրճատելը, հասարակական տրանսպորտի զարգացումը և խոշոր քաղաքներում ավտոմեքենաների սահմանափակումը։
«Շարժունակությունը, լինի դա ավտոմեքենայով, թե ինքնաթիռով, չպետք է դառնա հարուստների արտոնություն»- արձագանքել է Եվրոպական հարկ վճարողների միության ղեկավար Միխայել Յեգերը։
Նա միաժամանակ ԵՄ առաջնորդներին մեղադրել է կրկնակի ստանդարտների մեջ և կոչ է արել քաղաքացիներին ուղղված «խրատական խորհուրդների» փոխարեն կենտրոնանալ կայուն էներգետիկ քաղաքականության վրա։





























