Շրի Լանկան ամեն կերպ փորձում է կանխել չորս տարի առաջ տեղի ունեցած տնտեսական փլուզման կրկնությունը, քանի որ Մերձավոր Արևելքում ձգձգվող պատերազմը սրում է նոյեմբերյան մահաբեր ցիկլոնի հետևանքները. գրում է AFP-ն։
Երկրի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն սահմանել է վառելիքի սպառման սահմանաչափեր, դրա գինը բարձրացրել մեկ երրորդով, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ մինչև 40%-ով։ Այս քայլերն արվել են այն բանից հետո, երբ պատերազմը հանգեցրել է էներգակիրների մատակարարման համաշխարհային խափանումների։
Շրի Լանկայում վառելիքի խուճապային գնումները հիշեցնում են 2022 թվականը, երբ տնտեսությունը փլուզվել էր, իսկ գնաճը հասել 70 տոկոսի։ Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոլոմբոն դեֆոլտ է հայտարարել իր 46 միլիարդ դոլարի արտաքին պարտքի գծով։ Դրան հաջորդած բողոքի ցույցերը հանգեցրել են երբեմնի հզոր նախագահ Գոտաբայա Ռաջապաքսայի տապալմանը։ Վերջինս մեղադրվում էր անփույթ կառավարման և կոռուպցիայի մեջ։
Իրավապաշտպան փաստաբան Բհավանի Ֆոնսեկան հայտարարել է, որ բողոքի ցույցերը մարել են, քանի որ մարդիկ մտահոգված են մատակարարումների ապահովման ամենօրյա խնդիրներով։ Վառելիքի նորմավորումը կրճատել է հերթերը, սակայն հինգշաբթի օրը կառավարությունը սկսել է սահմանափակել ջրամատակարարման ժամերը՝ պաշարները խնայելու և մղման ծախսերը կրճատելու համար։
Ֆոնսեկան պատմել է, որ արտակարգ դրության մասին օրենքներով իշխանություններին տրված կասկածյալների ձերբակալման և կալանավորման լայն լիազորությունները կարող են օգտագործվել ցանկացած ժողովրդական բողոքի ցույց ճնշելու համար, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում իրավապաշտպանների շրջանում:
«Դիտվա» ցիկլոնը, որը դարձել է ամենախոշոր աղետը 2004 թվականի ասիական ցունամիից ի վեր, անցյալ տարվա վերջին 641 մարդու կյանքէ խլել և ազդել է գրեթե ողջ երկրի վրա:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ հեղեղումների և սելավների պատճառ դարձած ցիկլոնը շուրջ 4,1 միլիարդ դոլարի վնաս է հասցրել պետությանը։ Դեկտեմբերին կառավարությունը հայտարարել է 500 միլիարդ ռուփիի (1,6 միլիարդ դոլար) չափով լրացուցիչ ծախսերի ծրագրերի մասին (երկրի վերականգնումը ֆինանսավորելու համար)։ Այդ միջոցները կուղղվեն ավերված տների, ճանապարհների, կամուրջների և երկաթգծերի վերականգնմանը, ինչպես նաև կանխիկ դրամի բաշխմանը՝ օգնելով մարդկանց վերականգնել կորցրած ապրուստի միջոցները։ Դեկտեմբերին Կոլոմբոն նաև 206 միլիոն դոլարի արտակարգ ֆինանսավորում է ներգրավել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)՝ տարերային աղետի հետևանքները վերացնելու համար։
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունն այժմ գտնվում է Շրի Լանկայում՝ 2,9 միլիարդ դոլարի չափով քառամյա վարկային ծրագրի տրամադրման հարցը քննարկելու համար։ Ակնկալվում է, որ նախնական փուլում երկրին կհատկացվի 700 միլիոն դոլարի առաջին տրանշը։ Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել են, որ կարող են դիմել ԱՄՀ-ին՝ վարկի խիստ տնտեսման պայմանները վերանայելու խնդրանքով, քանի որ արտաքին գործոնների հետևանքով երկրի տնտեսական վիճակը վատթարացել է։





























