Ֆրանսիան ուրբաթ օրը հայտարարել է, որ արտակարգ վարկավորման ծրագիր է գործարկում։ Այդկերպ օգնելով այն փոքր և միջին բիզնեսներին, որոնք տուժել են Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած վառելիքի գների կտրուկ աճից, հայտնում է AFP-ն։

Երկրի էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է, որ տրանսպորտի, գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտներում գործող ընկերությունները կկարողանան մինչև 50,000 եվրո (57,600 դոլար) արժողությամբ «հրատապ վառելիքային վարկեր» ստանալ:

Ծրագիրն իրականություն է դարձնում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի անցած շաբաթվա խոստումը։ Վերջինիս կառավարությունը, ինչպես և աշխարհի շատ այլ երկրներ, ձգտում է զսպել տնտեսական այն ճգնաժամը, որը հրահրվել է պատերազմի հետևանքով վառելիքի գների տատանումներից։

Նախարարության հայտարարության մեջ նշված է, որ Bpifrance պետական ներդրումային բանկը վարկեր կտրամադրի պարզեցված թվային ընթացակարգով, ինչը հնարավորություն կտա գումարը ստանալ ընդամենը յոթ օրվա ընթացքում: Երեք տարի ժամկետով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կկազմի 3,8%:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը հայտարարել է, որ նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով հետաքննել, թե արդյոք մայրցամաքի նավթավերամշակման գործարանները չե՞ն օգտվել պատերազմական իրավիճակից՝ վառելիքի գնագոյացման հարցում «չարաշահումների» դիմելու համար: