Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները շարունակվում են՝ մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում և առաջացնելով միջազգային հանրության մտահոգությունը։ Ռազմական հարվածները և կողմերի պատասխան գործողությունները շարունակում են անդրադառնալ ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա։

NEWS.am-ը ներկայացնում է կիրակի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների համառոտ ամփոփումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Թեհրանին հասցված զանգվածային հարվածի հետևանքով Իրանի «բազմաթիվ ռազմական ղեկավարների» զոհվելու մասին։

Բահրեյնի Bapco նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել հրթիռակոծության և պայթուցիկով բեռնված անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։

ԱՄՆ կառավարության աղբյուրը Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է խոցված F-15E-ի անձնակազմի անհետ կորած անդամի հայտնաբերման մասին։ Ըստ վերջին տեղեկությունների՝ նա չի լքել Իրանի տարածքը, և նրան փրկելու փորձ է արվել։