ԱՄՆ բանակի շտաբի նախկին պետ, գեներալ Ռենդի Ջորջը հրաժեշտի նամակ է հղել այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նրան պաշտոնանկ է արել, հայտնել է The Hill-ը։
Նամակում Ջորջը նշել է, որ ԱՄՆ բանակն արժանի է «ամուր նկարագրով առաջնորդների», և շնորհակալություն է հայտնել սպաներին ցուցաբերած աջակցության համար։
«Գիտեմ, որ դուք բոլորդ կշարունակեք կենտրոնացած մնալ առաքելության կատարման վրա, կշարունակեք նորարարություններ ներդնել և անդադար հաղթահարել բյուրոկրատիան, որպեսզի մեր մարտիկներին տաք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարտի դաշտում հաղթելու համար»,- գրել է Ջորջը։
«Մեր զինվորներն իսկապես լավագույնն են աշխարհում. նրանք արժանի են խիստ մարզումների և խիզախ առաջնորդների։ Չեմ կասկածում, որ դուք բոլորդ կշարունակեք առաջնորդել խիզախությամբ, ամուր նկարագրով և տոկունությամբ»,- նշել է նա իր նամակում։
Հիշեցնենք, որ այս շաբաթ Պենտագոնի ղեկավարն աշխատանքից ազատել է բարձրագույն գեներալիտետի մի շարք ներկայացուցիչների։