Իրանի վրա խոցված F15 կործանիչի օդաչուի փրկության տևական գործողության մանրամասները Truth Social սոցիալական ցանցում ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ։

ԱՄՆ նախագահը հատուկ նշանակության ուժերի իրականացրած գործողությունը որակել է որպես «ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական գործողություններից մեկը»։

Այժմ, ըստ Թրամփի, օդաչուն «ողջ և առողջ է»։

«Այս քաջ ռազմիկը գտնվում էր թշնամու թիկունքում՝ Իրանի դավադիր լեռներում. նրան հետապնդում էին մեր թշնամիները, որոնք ամեն ժամ ավելի ու ավելի էին մոտենում։ Սակայն նա երբեք լիովին միայնակ չէր, քանի որ իր գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը և զինակիցները հետևում էին նրա գործողություններին։ Ես այնտեղ էի օրը 24 ժամ և ջանասիրաբար ծրագրում էի նրա փրկությունը։ Իմ հրահանգով ԱՄՆ զինվորականներն ուղարկել են տասնյակ ինքնաթիռներ՝ հագեցած աշխարհի ամենամահաբեր զենքերով, նրան դուրս բերելու համար։

Նա վիրավորվել է, բայց նրա հետ ամեն ինչ լավ կլինի։ Այս հրաշալի որոնողափրկարարական գործողությունն իրականացվել է ի հավելումն երեկվա մեկ այլ խիզախ օդաչուի հաջող փրկության, որը մենք չէինք հաստատել, քանի որ չէինք ցանկանում վտանգել մեր երկրորդ փրկարարական գործողությունը։ Սա զինվորականների հիշողության մեջ առաջին դեպքն է, երբ ամերիկացի երկու օդաչուներ առանձին-առանձին փրկվում են թշնամու տարածքի խորքում։ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԼՔԻ ամերիկացի ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ Այն փաստը, որ մենք կարողացանք իրականացնել այս երկու գործողությունները՝ առանց որևէ ամերիկացու սպանվելու կամ նույնիսկ վիրավորվելու, ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք հասել ենք բացահայտ օդային գերակայության և առավելության Իրանի երկնքում։

Սա մի պահ է, որով բոլոր ամերիկացիները՝ հանրապետականները, դեմոկրատները և բոլոր մյուսները, պետք է հպարտանան և համախմբվեն դրա շուրջ։ Մենք իսկապես ունենք համաշխարհային պատմության մեջ լավագույն, ամենապրոֆեսիոնալ և մահաբեր զինված ուժերը։ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ, ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՄԵՐ ԶՈՐՔԵՐԸ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐԻ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ»,- գրել է ԱՄՆ նախագահը։