Մեր բոլորի առջև ծառացած մարտահրավերները նշանակալի են։ Ցանկը երկար է, սակայն առաջին տեղում են Ուկրաինայում շարունակվող սարսափելի պատերազմը, Իրանում պատերազմը և ամբողջ Մերձավոր Արևելքում լայնածավալ ռազմական գործողությունները, ահաբեկչական ակտիվությունը և աշխարհաքաղաքական լարվածության աճը, մասնավորապես՝ Չինաստանի հետ։ Դրա մասին հայտարարել է JPMorgan Chase & Co-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դիմոնը։

«Իրանում պատերազմի պատճառով մենք լրացուցիչ բախվում ենք նավթի և հումքի գների հնարավոր զգալի ցնցումների, ինչպես նաև համաշխարհային մատակարարման շղթաների վերակառուցման, ինչը կարող է հանգեցնել ավելի կայուն գնաճի և, ի վերջո, ավելի բարձր տոկոսադրույքների, քան շուկաներն են կանխատեսում։ Ընթացիկ առևտրային բանակցությունները սրում են լարված աշխարհաքաղաքական իրավիճակը։ Իսկ ակտիվների բարձր գները, որոնք, անկասկած, կարճաժամկետ հեռանկարում հաճելի են, ապագայի համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում»,- նշել է նա։