Մեծ Բրիտանիայի վարչապետը ճնշման տակ է՝ ԱՄՆ-ին թույլ տալով օգտագործել իր բազաները, գրում է The Guardian պարբերականը:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, Դաունինգ սթրիթը հրաժարվել է հստակորեն հայտարարել, որ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին թույլ չի տա օգտագործել բրիտանական բազաները Իրանի վրա ամերիկյան օդային հարվածների համար, որոնք հատուկ ուղղված են ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ կամուրջներին կամ էլեկտրակայաններին:
Երբ հարցրել են այն հաղորդագրության մասին, որտեղ նշվում էր, թե Մեծ Բրիտանիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա օգտագործել Թագավորական ռազմաօդային ուժերի բազաները իրանական կամուրջներին կամ էլեկտրակայաններին հարվածելու համար, բրիտանական կառավարության ներկայացուցիչը պատասխանել է, որ Դաունինգ սթրիթը ԱՄՆ գործողությունների, դրանց թվում՝ բրիտանական բազաների օգտագործման վերաբերյալ«ընթացիկ մեկնաբանություններ» չի անի:
Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ «իրենց դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել» և որ Միացյալ Նահանգների բրիտանական բազաների օգտագործման վերաբերյալ ներկայիս համաձայնագիրը նախատեսված է «տարածաշրջանում կոլեկտիվ ինքնապաշտպանության համար, ներառյալ ԱՄՆ պաշտպանական գործողությունները՝ Հորմուզի նեղուցում հրթիռային կայանների և նավերի վրա հարձակվելու համար օգտագործվող հնարավորությունների ոչնչացման համար»:
Սակայն Դաունինգ սթրիթը հրաժարվել է մանրամասներ տրամադրել այն մասին, թե ինչպես է կառավարությունն ապահովելու, որ ամերիկացիները բրիտանական բազաները օգտագործեն միայն «պաշտպանական գործողությունների» համար։





























