ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ դաշինքից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու հարցը քննարկելու համար, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Ճեպազրույցի ժամանակ Լևիթին հարցրել են՝ արդյոք ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը դեռևս օրակարգո՞ւմ է ԱՄՆ վարչակազմի համար։ Նա պարզաբանել է, որ այդ հարցը «պետք է քննարկվի»։
«Նախագահ [Թրամփը] մի քանի ժամից դա կքննարկի [ՆԱՏՕ-ի] գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ, և դուք միգուցե այսօր կեսօրին այդ հանդիպումից հետո դրա մասին կլսեք անմիջապես նախագահից»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Նա միաժամանակ մեջբերել է Թրամփին, որը Իրանի պատերազմը ՆԱՏՕ-ի համար փորձություն է որակել։ Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ ռազմական դաշինքը «տապալել» է փորձությունը։
«Նրանք փորձեցին և տապալվեցին։ Եվ ես կհավելեմ, որ բավականին տխուր է, որ ՆԱՏՕ-ն վերջին վեց շաբաթների ընթացքում [Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր] երես է թեքել ամերիկյան ժողովրդից»,- եզրափակել է Լևիթը։



























